Այսօր առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Սանկտ Պետերբուրգ: Պաշտոնական տեղեկատվությամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին նախ առանձնազրույցներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ (հաջորդականությունը չի նշվում), որից հետո երեք նախագահները բանակցություններ կվարեն միասին:
Մի քիչ նախապատմություն. երբ հայտարարվեց Սանկտ Պետերբուրգում երեք նախագահների հանդիպման մասին, ԵԱՀԿ-ի մամուլի հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը ասաց, որ ԵԱՀԿ-ն չի մասնակցում Ղարաբաղյան եռակողմ հանդիպման նախապատրաստմանը: Հետո ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ մեկնում է Սանկտ Պետերբուրգ, նրան հաջորդեց ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրյոյի մասնակցության հայտարարությունը: Մինչև հիմա, սակայն, հայտնի չէ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ի՞նչ մասնակցություն են ունենալու հանդիպմանը, Սանկտ Պետերբուրգում կլինե՞ն արտաքին գործերի նախարարները: Հանդիպումից հետո հայտարարություն կանե՞ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Իվերջո՝ հանդիպումը կդառնա՞ Վիեննայի տրամաբանական շարունակությունը, քննարկելով Վիեննայի հաստատած օրակարգը, թե՞ Մոսկվան իր օրակարգն ունի՝ Կազանի սկզբունքները, որը նաև Բաքվի օրակարգն է:
Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ, ըստ ավանդույթի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վճռական հայտարարություն է արել: Մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա տոնական խնջույքի՝ իֆթարի, ժամանակ Իլհամ Ալիևը ասել է. «Եկել է ժամանակը կոնկրետ քայլեր ձեռնարկել հակամարտության շուտափույթ կարգավորման համար: Միջնորդները ևս պետք է հասկանան, որ դա սառեցված հակամարտություն չէ»: Ադրբեջանի նախագահը խոսել է երկար ու ոգեշունչ, բայց ասել է, որ իր երկիրը խաղաղություն է ուզում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ հայտարարություն չի արել: Դա ևս ավանդույթ է: Հայկական ու ադրբեջանական դիվանագիտության մարտավարությունները միշտ են տարբեր: